ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ
02.03.2010 | 00:00

Գրքի կառուցվածքը պարզ տրամաբանական է թվում. առաջաբանին հաջորդում են մարգարեական ծառայության կանչվելու իրադարձությունները (Ա 1-Գ 21), Երուսաղեմին ուղղված դատաստանի նախազգուշացումները (Գ 22-ԻԴ 27), մարգարեական խոսքերն ազգերի դեմ (ԻԵ-ԼԲ), մեռյալ ժողովրդի հարությունը (ԼԳ-ԼԷ): Գիրքն ավարտվում է դեպի հեռավոր հորիզոնները հառած մարգարեի ընդգրկուն հայացքով. ընթերցողի առաջ բացվում է վճռական ճակատամարտի պատկերը. Աստծու ժողովուրդը պարտության է մատնում ահեղ թշնամիներին (ԼԸ-ԼԹ): Այնուհետև ուրվագծվում է այն լեռը, որի վրա մարգարեն տեսնում է Աստծու նորացած ժողովրդի մայրաքաղաքը (Խ-ԽԸ):
Սակայն, ի տարբերություն Եսայու և Երեմիայի, գերված ու Բաբելոնում ցրված իր համերկրացիներից հեռացված Եզեկիելը, հավանաբար, պարզապես գրի էր առնում (ոչ թե արտասանում) իր մարգարեությունները՝ ժողովրդի մեջ տարածելու համար (Բ 9): Մենք նրան ժամանակ առ ժամանակ ենք տեսնում ժողովրդի կամ ավագների հետ (ընդ որում, վերջիններս իրենք էին եկել նրա մոտ) (Ը 1, ԺԴ 1), անմիջականորեն խոսելիս: Բացի այդ, նա ժողովրդի առաջ խորհրդանշական գործողություններ էր կատարում, իսկ առհասարակ, նրա լեզուն կապված էր քիմքին, և համր էր (Գ 26), ու միայն բացառիկ դեպքերում էր այն բացվում (Գ 27): ՈՒստի և նա իր գրքում հաճախ էր մեջբերումներ անում նախորդ հեղինակներից. այս եղանակն ավելի հատուկ է գրողին, քան ատենաբանին՝ հռետորին: Այս կապակցությամբ, սակայն, չի կարելի համաձայնել Եզեկիելի ռացիոնալիստ մեկնաբանների հետ, որոնք նրան ավելի շատ գրող են համարում, քան մարգարե: Կարելի է մարգարեանալ նաև գրավոր, իսկ այդպիսի մարգարեության շնորհական բնույթի պատճառով (որ կարելի է գրական անվանել) Եզեկիելի գիրքը շահեկանորեն զանազանվում է մյուս մարգարեական գրքերից բովանդակության կուռ միասնությամբ, հետևողականությամբ ու համակարգվածությամբ:
Եզեկիելի գրքի հարազատությունը չեն վիճարկում նույնիսկ ռացիոնալիստ մեկնիչները։ Էվալդն ասում է. «Եզեկիելի գրքին նետած ամենաթռուցիկ հայացքն իսկ բավական է համոզվելու, որ ամեն ինչ այստեղ գրված է Եզեկիելի ձեռամբ»: Նրան համամիտ է դե Վետտեն. «Որ Եզեկիելը, ով Իր մասին սովորաբար խոսում է առաջին դեմքով, ինքն է անձամբ բոլորը գրել, կասկածի ենթակա չէ»:

ԵԶԵԿԻԵԼ ՄԱՐԳԱՐԵՆ
Գրքի կառուցվածքի ու շարադրանքի մեջ նախ ուրվագծվում են մարգարեի դիմագծերը, ապա, ի վերջո, ամբողջանում է նրա անհատականությունը: Նա Երուսաղեմի անկման (ն. Ք. 587 թ.) ժամանակակիցն է և երբեմն զգացնել է տալիս, որ իր քարոզչությանը ձեռնամուխ է եղել Պաղեստինի մայրաքաղաքում նախքան աքսորյալների մեջ շարունակելը և վերջացրել Քոբար գետի ափին: Հավանաբար այս հանգամանքով է բացատրվում Տաճարում մատուցվող բոլոր հեթանոսական ծեսերի ճշգրիտ նկարագրությունը (Ը գլուխ): Բայց փաստարկը համոզիչ չէ. մեկնաբանների մեծամասնությունը համոզված է, որ Եզեկիելն իր մարգարեական ողջ գործունեությունը ծավալել է Բաբելոնում՝ Թել Ավիվ քաղաքի մոտ: Մարգարեն այդտեղ գերության էր քշվել Երուսաղեմի կործանումից հետո՝ Նաբուքոդոնոսոր արքայի ձեռնարկած առաջին պաղեստինյան ասպատակությունների ընթացքում (ն. Ք. 598 թ.): Մարգարեական խոսքերի որոշ տարեթվեր ամփոփված են գլուխների սկզբնամասում: Ներածական տեսիլքների (Ա 1, 2) տարեթվի ստուգությունը հարցեր է ծնում, մինչդեռ մյուս տարեթվերն արժանահավատ են: Երուսաղեմի մեղքերի տեսիլքը (Ը 1) թվագրվում է Հովակիմ թագավորի գերության վեցերորդ տարով (Եզեկիելը նույնպես այդ ժամանակ է գերեվարվել), այսինքն՝ ն. Ք. 592 թ.: Ժանգոտ կաթսայի մասին մարգարեական խոսքը թվագրվում է իններորդ տարով, այսինքն՝ 589 թ. դեկտեմբեր ամսով: Այդ ամսին սկսվեց Երուսաղեմի պաշարումը: Որոշ մարգարեական խոսքեր թվագրվում են տասներորդ տարով, այսինքն՝ 588 թ., երբ Եգիպտոսի փարավոնը վատթարագույն կացության մեջ էր (ԻԹ 1), տասնմեկերորդ, այսինքն՝ 587 թ. (ԻԶ 1), տասներկուերորդ, այսինքն՝ 585 թ. սկզբով (ԼԳ 21), քսանհինգերորդ, այսինքն՝ 573 թ. (Խ 1) և, վերջապես, քսանյոթերորդ տարով, այսինքն՝ 571 թ. (ԻԹ 17):

ԵԶԵԿԻԵԼԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Այսպիսով, Բաբելոնում ծավալվեց այն մարդու մարգարեական գործունեությունը, որը մինչև այդ պահը քահանա էր և մինչև իր կյանքի վերջին շունչը պահպանեց իսկական քահանայի ուղղադավանությունը պաշտամունքի, ծեսի և աղոթքների հրահանգների նկատմամբ (Խ-ԽԸ գլուխներ): Նույն այդ երկրում ամեն ինչ անսպասելիորեն շուռ եկավ. երկու իրադարձություն տեղի ունեցավ՝ Աստծու փառքի հեղմամբ քահանան մարգարե դարձավ, և Երուսաղեմի անկումից հետո դատաստանով սպառնացողը՝ փրկություն ավետող:

ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԻ ՀԵՂՈՒՄԸ
Ահա օրերից մի օր Եզեկիելի կյանքն Աստծու փառքով լցվեց: Այս փառքը մի քանի անգամ հայտնվեց (Ա 28, Գ 23, Ը 4, Ժ 1, ԽԳ 2) և ամեն անգամ թողնում էր նրան զարմացած ու շփոթահար (Գ 15)1:
Ի՞նչ էր նա տեսել: Մեծ ամպի ներսում անշեջ հուր, որին նախորդում էր բարձրացած հողմը, ապա հաջորդում էին չորս կենդանի էակներ, որոնք թռչում էին՝ տանելով երկնակամարը, որի վրա գահ կար: Երկնակամարից ավելի վեր՝ գահի վրա, մարդու կերպարանք կար, որի շուրջը լույսը բոլորակ էր կազմել... Սա Աստծու փառքի տեսիլքն էր (Ա 4-28):
Իրականում մարգարեն իր հերթին վերապրում էր իր մեծ նախորդի՝ Եսայու տեսիլքները, բայց այլ պայմաններում: Նրա վրա իջել էր ծանրածանր հայտնությունը, որ Բարձրյալ Տիրոջ հայտնությունն էր և բովանդակ երկրի Թագավորի փառքը (Եսայի Զ 3):
Այս հայտնությունը ջարդուփշուր արեց Եզեկիելին, և նա զգաց իր ոչնչությունը: Աստծու փառքի առաջ նա ոչ այլ ինչ էր, քան մարդու որդի՝ թշվառ, ողորմելի, անարգ, ոտքերի վրա հազիվ կանգնող ու անմիտ (Բ 1, Բ 2, Գ 14-17, 22-24): Տիրոջ ձեռքն էր նրա վրա հանգչել (Ա 3, Գ 22, ԼԳ 22, ԼԷ 1, Խ 1, Ը 1)՝ իր ողջ ծանրությամբ (Գ 15): Նրա վրա նաև Տիրոջ Հոգին իջավ (Բ 2, Գ 24, ԺԱ 5), որպեսզի վեր բարձրացնի նրան (Գ 12, 14, Ը 3, ԺԱ 1, 24, ԽԳ 5):
Բայց մարգարեն Տիրոջ փառքը տեսավ Տաճարից դուրս և Երուսաղեմից հեռու վայրում (ԺԱ 22-23): Տերը լքել էր Սիոնը: Ինչո՞ւ, ինչպե՞ս:
Այս սարսափելի բաժանման պատճառը Եզեկիելը տեսնում էր Իսրայելի մեղքի և այն արմատավորված չարության մեջ, որի վիթխարիությունը, մեծածավալությունն ու խորությունը մարգարեն փորձում էր ընդգրկել: Այս մեղքը բռնությունն ու արյուն հեղող հանցագործությունն էր (Է 23, Թ 9, ԺԶ 36, ԺԸ 10 և այլն) և այն, ինչը մարգարեն հավասարեցնում է անհավատությանը (ԼԶ 18): Բանն այն է, որ ըստ մարգարեի` ծանրագույն մեղքը կռապաշտությունն է, ինչը նա տեսնում էր ոչ միայն յուրաքանչյուր բլուրի ծառերի տակ (Զ 3, 6, 13, ԺԶ 16, Ի 28, 29), այլև Երուսաղեմի Տաճարում (8 գլուխ): Դրա նշանները նա տեսնում էր Տիրոջ տան ներքին նախադռան առաջ (3-6 համարներ), գավիթում (7,13 համարներ), Տիրոջ սրբարանում (14,15 համարներ)` խորանի և պատշգամբի միջև (16): Իսրայելի մեղքն ամենօրյա կամայականությունն էր, որը Եզեկիելը բնութագրում է Տաճարում օգտագործվող մեղքերի խոստովանության բանաձևի լեզվով (ԺԸ 5-9, ԻԲ 3-12, 23-30):
Եզեկիելը կրկնում է, որ մեղքը պիղծ է ու գարշելի (Ե 9-11, Զ 9, ԺԶ 22, 52): Այն դավաճանություն, շնություն և պոռնկություն է: Մարգարեն խորանում է թեմայի մեջ ընկեցիկ աղջնակի օրինակով, որը հայտնաբերվում, որդեգրվում ու կնության է տրվում, սակայն, ի վերջո, անձնատուր է լինում պոռնկությանը: Մարգարեն այս թեմային նորից է անդրադառնում երկու քույրերի՝ Ոողայի (Սամարիա) և Ոողիբայի (Երուսաղեմ) պատմության մեջ. սրանք գարշելի շնությանն անձնատուր եղած ամուսնացած անհավատարիմ կանայք են (տե՛ս ԻԳ գլուխ):
Վերջապես մարգարեն բացահայտում է հրեշավոր դավաճանության ակունքը, որին հանձնվել էր Երուսաղեմը. դա հպարտությունն է: Սոդոմի հեթանոսների (ԺԶ 49-50), Տյուրոսի թագավորի (ԻԸ 2, 5, 17), Եգիպտոսի (Լ 6, 18) ու նրա փարավոնների (ԼԲ 12, ԼԵ 13) այս մեղքը նաև Իսրայելի (Է 20, 24, ԼԳ 28)՝ իր գեղեցկությամբ պարծեցող ամուսնացած կնոջ (ԺԶ 15, 56) և իշխանի (ԻԱ 25) մեղքն է:
«Քո քրոջ` Սոդոմի անօրենությունն այս էր` ամբարտավանություն, հացով լիացածություն, գինու մեջ հղփացածություն։ Մեղկ կյանք էին վարում ինքն էլ, դուստրերն էլ։ Ձեռք չէին մեկնում աղքատին ու տնանկին։ Մեծամտանում էին ու Իմ առաջ անօրենություններ անում։ ՈՒ երբ դա տեսա, մեջտեղից վերացրի դրանց» (16.49, 50)։
«Ավազակ մարդիկ կային քո մեջ, որ արյուն թափեն քո մեջ, լեռների վրա զոհեր մատուցեին քո մեջ և անմաքուր գործեր անեին։ Յուրաքանչյուրն իր ընկերոջ կնոջն էր պղծում, յուրաքանչյուրն իր ամբարիշտությամբ իր հարսին էր պղծում, յուրաքանչյուրն իր քրոջը` իր հոր դստերն էր բռնաբարում քո մեջ։ Կաշառք էին վերցնում քո մեջ, որպեսզի արյուն թափեին, վաշխ ու տոկոս էին առնում քո մեջ։ Եվ Ես վերջ եմ տալու քո չարագործություններին` ըստ քո գործած բռնության, որովհետև մոռացել ես Ինձ, ասում էր Տեր Աստված» (22.9, 11, 12)։
Մի՞թե Երուսաղեմի ծագումը հեթանոսական չէ. նա սերում է ամորհացի հորից ու քեթացի հիթիթ մորից (ԺԶ 3, 45): Նրա այլասերությունը բնածին է, և բացահայտվում է իր ողջ պատմության ընթացքում: Իսկ Հակոբի՝ Եգիպտոսում երկար ու ձիգ տարիներ բնակություն հաստատելը, որի ընթացքում Աստված ձեռք մեկնելով երդվեց նրանց, թե՝ «Ես եմ ձեր Տեր Աստվածը», լի էր վտանգավոր հետևանքներով. Իսրայելն այստեղ բուռն կերպով հակվեց կռապաշտության, որից հետագայում ոչ ոք չկարողացավ ձերբազատվել (Ի գլուխ):
Հենց այս ժողովրդի մեջ Եզեկիելը մարգարե կարգվեց՝ հանձն առնելով Աստծու խոսքի մունետիկի պաշտոնը: Անտարակույս, այդ խոսքը նա իբրև քաղցր կերակուր կերավ (Գ 2, 3): Այնուամենայնիվ նա իր ներբանների տակ պետք է փուշ ու տատասկ ակնկալեր ամեն անգամ, երբ բացականչում էր. «Այսպես է ասում Տեր Աստված» (Գ 11): Բացի այդ, նա չպետք է ընկրկեր. կարևորը, ի վերջո, այն էր, որ աքսորյալները, ինչպիսին էլ լիներ նրանց ըմբոստությունը, իմանային, որ իրենց մեջ մարգարե կա (Բ 5):
Եզեկիելը «դետ է կարգվելու Իսրայելի այդ տանը»: Եվ նա անօրենին պիտի ասի՝ «պիտի մեռնես», որպեսզի այդ անօրենը կարողանա արմատախիլ անել իր հոռի բարքերն ու ապրի: Մարգարեն պետք է զգուշացնի նաև արդարին, որ չշեղվի ու կենդանի մնա (Գ 16-21), քանզի նա, հակառակ Իսրայելում տարածում գտած ասացվածքի, կրկնում է. «Ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունները» (ԺԸ 4-20):
«Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն առածը, որ ասում են իսրայելացներիդ մեջ, թե` «Հայրերն ազոխ են կերել, զավակների ատամներն է առել»։ Վկա եմ Ես,- ասում է Ամենակալ Տերը,- Իսրայելում այդ առածն այլևս չի ասվելու, որովհետև բոլորի հոգիներն էլ իմն են` ինչպես հորը, այնպես էլ զավակինը. ով մեղանչի, նա էլ պիտի մեռնի։ Բայց եթե մեկն արդար է, գործադրում է օրենքներս ու արդարությունը, լեռների վրա զոհաբերվածը չի ուտում, աչքը չի գցում Իսրայելի տան կուռքերին, չի պղծում իր ընկերոջ կնոջը, իր կնոջն էլ դաշտանի ժամանակ չի մոտենում, ոչ մի մարդու հանդեպ բռնություն չի գործադրում, պարտապանի ավանդը վերադարձնում է, հափշտակություն չի կատարում, իր հացը տալիս է քաղցածներին ու մերկին հագցնում է, իր դրամը փոխ չի տալիս ու տոկոսով հետ չի պահանջում, ձեռք է քաշում անիրավությունից, արդար դատաստան է տեսնում մարդու և նրա ընկերոջ միջև, Իմ հրամանով է շարժվում, որպեսզի օրենքներս պահի ու գործադրի, այդպիսին արդար է, ապրելով պիտի ապրի,- ասում է Ամենակալ Տերը։
Իսկ եթե մեկն այլասերված, արյուն թափող զավակ է ծնել, մեղքեր է գործել, իր արդար հոր ճանապարհով չի ընթացել, լեռների վրա զոհաբերվածն է կերել, պղծել է իր ընկերոջ կնոջը, բռնադատել աղքատին ու տնանկին, հափշտակություն կատարել, ավանդը չի վերադարձրել, աչքը գցել է չաստվածների պաշտամունքին, անօրենություն է գործել, իր դրամը փոխ է տվել և վաշխով ու տոկոսով հետ պահանջել, այդպիսին, որ այս բոլոր անօրենություններն է գործել, անշուտ, մեռնելու է, և նրա արյունն իր գլխին է գալու» (18. 1-13)։
Այդուհանդերձ, եթե Եզեկիելը վրիպի ու չզգուշացնի անօրենին, ապա այդ անօրենի արյունը մարգարեից է պահանջվելու, քանզի նա ժամանակին զգուշացում չի ստացել (Գ 18):
Այս ենթադրությունն ընդունայն չէ. դեռ մոռացության չէին մատնվել այն ժամանակները, երբ որոշ մարդիկ իրենց մարգարեներ էին հորջորջում և ընթանում իրենց անձնական ներշնչանքի հետևից՝ առանց որևէ տեսիլք տեսնելու: Նրանք նմանվում էին այն շինարարներին, ովքեր բավարարվում էին ճաքեր տված պատի ծեփումով, բայց ամեն ինչի փլուզման ականատեսը լինելու վտանգը մնում էր: Ահա այսպիսին էր այն մարգարեների պարագան, ովքեր խաղաղություն էին հռչակում՝ առանց մեղքի վրա ուշադրություն դարձնելու (ԺԳ):
Ասա՛ նրանց. «Ամենակալ Տերն ասում է` կենդանի եմ Ես և ամբարիշտի մահը չեմ ուզում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձե՛ք, հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից, ինչո՞ւ մեռնեք, ո՛վ տունդ Իսրայելի»։
Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ քո ժողովրդի զավակներին. «Արդարի արդարությունը նրան չի փրկելու այն օրը, երբ մոլորվի, անօրենի անօրենությունն էլ նրան չի չարչարելու այն օրը, երբ հետ կանգնի իր բոլոր անօրենություններից։ Արդարը չի կարողանալու ազատվել իր մեղքերի օրը։ Երբ Ես արդարին ասեմ` ապրելով ապրելու ես, իսկ նա էլ, հույսը դնելով իր արդարության վրա, անօրենություն գործի,- նրա բոլոր արդար գործերը չեն հիշվելու, այլ իր կատարած անօրենության համար մեռնելու է։ Իսկ երբ Ես ամբարիշտին ասեմ` հաստատ մեռնելու ես, բայց նա հետ կանգնի իր մեղքերից, իրավ դատաստան և արդար գործ կատարի, պարտապանին հետ տա գրավը, վերադարձնի հափշտակածը, ընթանա կյանքի պատվիրաններով, անիրավություններ չգործի, հաստատ ապրելու է ու չի մեռնելու։ Նրա գործած բոլոր մեղքերը չեն հիշվելու, որովհետև իրավ դատաստան ու արդար գործ է կատարել, դրա համար էլ ապրելու է։
Քո ժողովրդի զավակներն ասում են` Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ։ Բայց իրենց ճանապարհն է, որ ուղիղ չէ» (33. 10-17)։
(շարունակելի)
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4251

Մեկնաբանություններ